Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարուկի Մուրակամի. Հռոդոսի երկնքում

Հարուկի Մուրակամի. Հռոդոսի երկնքում
15.02.2014 | 11:11

Գուցե ես ճիշտ չեմ, բայց ինձ թվում է, որ կյանքում լինում են պահեր, երբ մենք ընդհուպ մոտենում ենք մահին: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ մահացու վտանգի են ենթարկվում, բայց խոսքը այն դեպքերի մասին է, երբ, առանց որևէ տեսանելի պատճառի, հանկարծ գիտակցում ես՝ ահա մահը, կողքիս է:
Սովորաբար մենք ապրում ենք՝ առանձնապես չմտահոգվելով, որ մեռնելու ենք (եթե անընդհատ մահվան մասին մտածես, ապրելու ուժ չես ունենա): Բայց հետո հանկարծ ինչ-որ բան է կատարվում ու դու ծոծրակիդ զգում ես մահվան սառը շունչը: Եվ միանգամից պարզ է դառնում, որ թեպետ մեր կյանքը մենք ընկալում ենք իբրև ինքնին հասկանալի, բրինձ ու ձուկ ենք ճաշակում, կատակում ենք ու ծիծաղում ենք ուրիշների կատակելիս, բայց բավական է՝ քամին մի քիչ այլ կողմ փչի, և մենք իբրև վայրկենական տեսիլք, կանհետանանք, ու մեր հետքն էլ չի մնա: Եվ հենց դա գիտակցում ենք, աշխարհը մեր շուրջբոլորը, թեկուզ կարճատև, բայց ամբողջովին կերպափոխվում է:
Մի անգամ Հունաստանում, երբ թռչում էի փոքր, երկշարժիչ ինքնաթիռով, ինձ վիճակվեց ապրել այդ զգացումը: Մեր ինքնաթիռը ավելի շատ նման էր պահածոյացրած սարդինների փխրուն բանկայի: Ինձ ինչ-որ առիթով ասել էին, որ, շնորհիվ կառուցվածքի պարզության, այդ տեսակի մեքենաները շատ հազվադեպ են վթարվում: Գուցե և այդպես է, բայց երբ մենք վայրէջք էինք կատարում Հռոդոսի օդանավակայանում, անհայտ պատճառով անսպասելի կանգ առան երկու շարժիչներն էլ: Ասենք, ոչ ուղեկցորդուհիները, ոչ ուղևորները առանձնապես մտահոգ չէին երևում, և ես որոշեցի, որ, շարժիչների կանգառը, երևի, այդ ինքնաթիռների առանձնահատկությունն է և սարսափելի ոչինչ չի կատարվում:
Շարժիչների կանգառից հետո խլացուցիչ լռություն տիրեց: Միայն հազիվ լսելի բվվում էր քամին: Աշնանային այդ կեսօրին երկնքում ոչ մի ամպ չկար: Ոչինչ չէր խանգարում հրաշալի տեսարանով հիանալուն: Ներքևում մի կողմից լողում էին սարերի անհավասար գագաթները, սոճու անտառները, սպիտակ տների ուլունքաշարը, մյուս կողմից՝ արևից շողում էր Էգեյան ծովը: Ես լողում էի բարձունքում: Այդ անիրական, անհասանելի գեղեցկության միջով:
Մեր կենսափորձը նման է ճյուղերի խրձի, որտեղ ճյուղերի փոխարեն միմյանց ամուր հանգուցված են մեզ համար կարևոր իրադարձությունները: Եվ քանի դեռ ես լռության միջով թռչում էի Հռոդոսի վրայով, ինձ թվաց, որ իմ խուրձը հանգուցած պարանը հանկարծ անհասկանալի պատճառով բացվեց: Եթե հենց այդ պահին ինձ ասեին, որ ես մեռնելու եմ, նույնիսկ չէի զարմանա: Կմեռնեմ, և ի՞նչ: Իմ աշխարհը կփլուզվի, իսկ նոր աշխարհը կշարունակվի արդեն առանձ ինձ: Ես կարծես դարձել էի թափանցիկ ու անմարմին: Ինձնից մնացել էին միայն հինգ տարաբաժանված զգայարաններ և ոչինչ ավելին: Եվ, չարած գործերիս վրա ձեռքս թափ տալով՝ ես հրաժեշտ էի տալիս ինձնից հեռացող աշխարհին: Անվերջ դատարկության մեջ ընկղմվելու զգացումը շատ տարօրինակ էր:
Այդ պահին շարժիչներն աշխատեցին և անմիջապես շուրջբոլորս լցվեց աղմուկով: Ինքնաթիռը մեծ շրջան գործեց և ուղղվեց վայրէջքի: Անհետացող արյունս ու մարմինս վերադարձան, և ես ոտք դրեցի Հռոդոսի հողին իբրև ամենասովորական զբոսաշրջիկ: Հետո, ինչպես վայել է ողջ և մեռնել չպատրաստվող էակին, ես ռեստորանում ձուկ ճաշակեցի, գինի խմեցի ու գնացի հյուրանոց՝ հանգստանալու: Բայց մահը, ինչպես վեցերորդ զգայարան, մնաց իմ մեջ և մինչև այսօր չի հեռացել:
Երբ մտածում եմ մահվան մասին, միշտ հիշում եմ այն օրը ինքնաթիռից տեսածս բնանկարը: Անկեղծ ասած՝ վստահ եմ, որ իմ ինչ-որ մասը մահացել է: Անձայն: Հանդարտ: Հռոդոսի երկնքում:


Թարգմանությունը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 155696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ